Հովիկ Աբրահամյանը` 11 հազարի դիմաց
«Արտահոսքի վերաբերյալ նախագահը կոնկրետ թիվ նշեց, թե որքանով է համալրվել կուսակցության շարքերը: Կենդանի օրգանիզմ է, լինում է և համալրում, լինում են նաև մարդիկ, ովքեր դուրս են գալիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ի դիրքերը թուլացել են:
«Ցանկացած Հանրապետական, որ որոշում է կայացնում դադարեցնել իր անդամակցությունը, ես ափսոսանք եմ հայտնում, լինի դա Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը, թե այլ մեկը»,-նկատեց նա:
Դիտարկմանը, թե սա կուսակցության կազմաքանդման նախերգանք կարող է դառնալ, պատգամավորը պատասխանեց, որ կենդանի պրոցեսներ են տեղի ունենում, որոշ ժամանակ առաջ էլ ասում էին, թե ՀՀԿ-ում լճացում է ընթանում:
Տարիներ շարունակ այդ նույն անձինք ՀՀԿ-ի գաղափարախոսությունն են կիսել, հիմա մի՞թե գաղափարախոսության փոփոխություն է եղել, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Կարծում եմ` հարցի պատասխանը ճիշտ կլինի ակնկալել այդ գործընկերներից, ես չեմ կարող եզրակացություններ կատարել այլոց փոխարեն, ուղղակի նշեմ, որ դա բնական է, իսկ թվային տեսանկյունից մասսայական է, վերջին ամիսներին 11 հազարով է ավելացել, և այդ թիվն ու մի քանի հոգին անհամադրելի են»: