26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման:

Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների զարգացման նոր փուլի: Պարոն Օշիման հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ ճապոնա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը շարունակությունն է 2012 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի: Պարոն Օշիմայի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցով մեկնարկ է տրվում այդ հարաբերությունների առավել խորացմանն այժմ արդեն խորհրդարանական մակարդակով, ինչն առանձնահատուկ դեր ունի դիվանագիտական հարաբերությունների զարգացման ճանապարհին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն ու մասնավորապես նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցնում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Ճապոնիա կայանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ քառորդ դարն արդեն բավարար ժամանակ է գնահատելու առկա հարաբերությունները եւ հասկանալու դրանց խորությունն ու բովանդակությունը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանը եւ Ճապոնիան ձեւավորել են համագործակցության դինամիկ ձեւաչափ՝ հիմնված բարի կամքի, գործընկերության եւ փոխադարձ շահերի վրա:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի արդեն եղած ոճրագործությունների դատապարտումը:

Ցավակցություն հայտնելով ապրիլյան պատերազմի զոհերի համար՝ Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) նախագահ Յասուշի Ակահոշիի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Քննարկվել են տնտեսական, մշակութային եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր՝ նախանշելով կոնկրետ ծրագրեր, որոնք ապագայում կիրագործվեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ