Դա ծաղրանք է, ես խնդրում եմ մեր բնակիչներին չծաղրել. Մ. Թանդիլյան (տեսանյութ)
«Միացյալ Հայաստան» շարժման աջակից Ազատ Արշակյանը կարծում է, որ իշխանությունները ցանկության դեպքում կարող են կազմակերպել թափանցիկ ու մաքուր ընտրություններ, ինչն էլ որոշ չափով կարող է մաքրել նրանց մեղքերը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ «Լուսավոր Հայաստան» ու «Ելքի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը արժանահավատ չի համարում նման պարագան: «Նրանք փայլուն աշխատացնում են ընտրակեղծարարության ինստիտուտը»,-ասաց նա` հավելելով, որ միայն այս ինստիտուտն է Հայաստանում կատարյալ աշխատում:
«Հիմա Դուք համարո՞ւմ եք ընդունելի, որ ես կարող եմ գալ, տարիներով թալանել մեր երկիրը, օգտագործել վարչական լծակները` հարստանալու համար, ընտրակեղծարարությամբ զբաղվել, հետո դառնա՞լ ընդդիմադիր: Դա ծաղրանք է, ես խնդրում եմ մեր բնակիչներին չծաղրել»,-հորդորեց Մ. Թանդիլյանը: Արշակյանն էլ նկատեց, որ ինքը նկատի ունի, թե պետք է թալանչիներին պատժել:
Հիշեցնենք, որ «Միացյալ Հայաստանը» սատարում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, իսկ Մ. Թանդիլյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է աջակցել նրան, քանի որ, ըստ իրեն, նախկին նախարարն էլ է սխալներ գործել: «Միակ ճանապարհը քաղաքականությունից դուրս գալն էր, այլ դաշտ գնալը նշանակում է պաշտպանել սեփական ունեցվածքը, լծակները»,-ասաց նա և հավելեց:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Կարինե Հակոբյանն ասաց, որ այս քաղաքական գործիչներին ու ուժերին հասարակությունը չի ընտրի, պետք չէ անհանգստանալ: «Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից, և հասարակությունն ինքը ճիշտ ընտրություն կկատարի: Պետք չի շատ անհանգստանալ, բոլորի դեմքը պարզ է, բոլորի կենսագրությունը պարզ է»,-նկատեց նա:
Կ. Հակոբյանի խոսքով` քաղաքական գործիչներին պետք է գնահատել ազգային շահերից բխող գործունեությամբ, այլ ոչ թե նրանով, թե որ ուժի հետ միացավ, որից առանձնացավ:
Ազատ Արշակյանն էլ իր 2 գործընկերներին առաջարկեց համատեղ պայքարել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: