Նոր մանրամասներ Արմեն Սուրմենելյանի սպանության գործով
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Նախնական քննության տվյալներով` Ա.Սուրմենելյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթի տանը հյուրընկալվելիս: Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ երկու հարված է հասցրել Ա.Սուրմենելյանի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: