«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:
Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, նաեւ ասվում է.
Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:
Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները եւս դիտարկել էին 5-րդ հարկի խցերը եւ որեւէ առարկությամբ հանդես չէին եկել` կապված պահման պայմանների հետ: Միաժամանակ, հենց դիտորդական խմբի անդամներն ու որոշ դատապարտյալների պաշտպաններ էին մինչ այս բարձրաձայնել դատապարտյալներինառաջին հարկի բանտախցից այլ խուց տեղափոխելու անհրաժեշտության մասին»:
Ավելի վաղ A1plus.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ ինքնավնասում են արել, քանի որ չեն ցանկացել փոխել իրենց խցերը:
Նրանց հարազատնելը հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ, երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:
Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները նույնիսկ իրերի մի մասն են վերեւ բարձրացրել ու… փախել:
«Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցել դատապարտյալներից մեկի կինը:
Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ դատապարտյալները դիմել են ինքնավնասման:
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին այսօր՝ հունվարի 23-ին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։