Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ է բացել. Հայկական կողմը պատասխանել է
Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաեւ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: