Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը կբացի գաղտնիքը
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին կրկին հացադուլ է հայտարարել:
Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
«Հայրս կբացի շատ կարևոր մի գաղտնիք, եթե 20 օրվա մեջ պահանջը չկատարվի»,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Սահակյանի որդին:
Արմեն Տեր Սահակյաի փոխանցմամբ պահանջը չի կատարվել: Նշենք, որ ցմահ դատապարտյալը 30 օր հացադուլի մեջ էր և միայն Ամանորի շեմին դադարեցրեց հացադուլը՝ վերսկսելու նախապայմանով:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:
«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։