26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով շտկել իրավիճակը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ինքը չափազանց կարևորում է երկրի կառավարման բոլոր ոլորտներում կադրային ճիշտ քաղաքականությունը: Սեյրան Օհանյանը նաև նշում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի… Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը: Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։

Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։

Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով։

Մասնագիտությամբ լինելով զինվորական՝ ես լավ գիտեմ կարգապահության գինը, կամային որոշումների, հաստատակամության, ճիշտ և կոշտ խոսքի արժեքը։ Հիմա դրա ժամանակն է: Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կարգուկանոնի, օրենքի գերակայության, ամենաթողության վերացման, կարելի է և պետք է լուծել հաստատակամությամբ, օրենքի առջեւ խիստ հավասարությամբ եւ առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու։

Ես չափազանց կարևորում եմ երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտում կադրային ճիշտ քաղաքականությունը, երբ մասնագետներն իրենց ճիշտ տեղերում հստակ և կարգապահ աշխատում են: Սակայն, ցավոք, մեր երկրում վաղուց խախտված է այդ մեխանիզմը։ Եվ ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլևս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն։

Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է: Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են: Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ