26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը  համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը  սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև  ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել  աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:      

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ  տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի  ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու  հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ  քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք  ունեն  նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ  կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում  և հետագայում ի՞նչ ծրագրեր կան: «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով  հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝  պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ