««Ելք» դաշինքը հիասթափեցնելու է գործող ընդդիմությանը»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որնախքան ընտրությունները դեռ կոալիցիաներ կլինեն։ «Երբ որ ամբողջովին պարզ կլինի, թե ովքեր են հայտ ներկայացնում մասնակցելու ընտրություններին, այն ժամանակ արդեն իսկ հստակ կլինի, թե Հանրապետական կուսակցությունը որ ընդդիմադիր ուժերին է միմյանց նկատմամբ մրցակից համարում, ու ով է դառնում դոմինանտ։ Այո, մեր հնարավորություններն այնքան մեծ են, որ մենք մեզ դուրս ենք տեսնում մյուս ուժերից, և, այո, ապագա խորհրդարանում մենք աշխատելու ենք գերակշիռ մեծամասնություն ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավետիսյանը։
««Ելք» դաշինքը հիասթափեցնելու է գործող ընդդիմությանը և ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը ձեզ անակնկալ է սպասվելու։ Հայ ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն։ Առաջիկայում ներկայացվելիք մեր ճանապարհային քարտեզով, նախընտրական գաղափարներով հիասթափեցնելու ենք գործող իշխանություններին»,- նկատեց ասուլիսի մյուս բանախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։
Հանրապետական պատգամավորը, արձագանքելով ընդդիմաության ներկայացուցչի ասածին, նկատեց․ «Այո՛, անակնկալ կլինի, հիասթափություն՝ ոչ։ Հիասթափություն կլինի քաղաքական մյուս ուժերի մոտ»։