Լավրովի հայտարարությունը հստակ էր ու դիպուկ. Շարմազանով (տեսանյութ)
ԼՂՀ-ի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարույթյունը քննարկվել է այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ներկայացրել ենք այն իրավիճակը, որ կա, բնականաբար, սա այն դեպքերից է, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախարարը շատ հստակ, դիպուկ ու տեղի տեղին պատասխան է տվել, նախ առաջինը, որ դա Ադրբեջանի ներքին գործը չէ, այսինքն՝ Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը»,-ասաց նա:
Իսկ 2-ը, որ կարևորեց Շարմազանովը Լավրովի պատասխանում, այն է, որ Լավրովն ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը: «Խնդիրը կլինի լուծված, երբ կհստակեցվի ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը, առանց դրա այս խնդիրը չի կարող լուծվել, ադրբեջանական հեքիաթները, որ իրավիճակը կկայունանա, երբ տարածքներ հանձնվեն, և սա է առաջին փուլը, Լավրովը հերքեց:
Նախագահը ևս բազմիցս ասել է, որ եթե առաջընթաց ենք ուզում, պետք է վերացնենք ոչ թե հետևանքներն, այլ պատճառները, իսկ պատճառը ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտումն է, իսկ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ունենա կարգավիճակ, որն ինքը կորոշի»:
ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նմանատիպ պատասխանները չեն լինի եզակի, և 2017-ին այդ գնահատականները կհնչեցնեն ոչ միայն ռուսական կողմը, այլև մյուս 2 համանախագահ երկրները: