Այս հարցերում պետք է լինենք համարձակ, ճիշտը մեր կողմն է. ՄԻՊ (տեսանյութ)
Տավուշի մարզի Չինարի գյուղում դեկտեմբերի 29-ին կատարված դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դրանք լուրջ խախտումներ են եղել ադրբեջանական կողմից: Նա նշեց, այդ օրն իսկ Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավարը այցելել է գյուղ, ինքն անձամբ զրույց է ունեցել Չինարիի գյուղապետի հետ, ապա սկսվել են փաստահավաք աշխատանքները: Ա. Թաթոյանն ընդգծեց, որ փաստահավաք խումբն այս անգամ բոլորովին նոր ուղղությամբ է աշխատել, և այդ գործունեության հիմնական ուղղության իմաստը, ամենակարևոր խնդիրը քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանությանն է:
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է պատրաստել, որը ներկայացվեց լրագրողներին: Այնտեղ կան փաստեր, լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ 3 հայ զինծառայողներին կյանքից զրկումը տեղի է ունեցել այն պարագայում, երբ բացակայել է որևէ վտանգ հայ զինծառայողի կողմից հակառակորդին վտանգ հասցնելու:
Նա նաև հայտնեց, որ կրակոծները շարունակվել են, միայն դեկտեմբերի 29-ի դեպքերով չեն սահմանափակվել: «Հունվարի 3-ին գյուղի վրա եղել են գնդակոծություններ դպրոցի ու մանկապարտեզի ուղղությամբ, ապա և քաղաքացիների տների ուղղությամբ:
Երեխաները ստիպված են եղել թաքստոցներում պատսպարվել: Հունվարի 3-ի գնդակոծությունները վտանգավոր են եղել, քանի որ երեխաները կարող էին լինել այդտեղ»,-ասաց Ա. Թաթոյանը:
Ապա նա անդրադարձավ հունվարի 8-ի միջադեպին, երբ կրակոցներ էին արձակվել գիշերը. «Քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերը ամենավտանգավոր ժամանակն է հանդիսանում»,-նշեց նա: ՄԻՊ-ի փաստահավաք խմբի աշխատանքներում անդրադարձ կա նաև հունվարի 13-ին Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ արձակված կրակաերթին: Պաշտպանի խոսքով՝ ինքը միջազգաին գործընկերների հետ կապի մեջ է լինում նման դեպքերում, և կարծում է, որ իրենց մոտ էլ այդ օրը եղել է նախազգուշացում, որ պետք է շրջանառել այդ ճանապարհը:
ՄԻ պաշտպանը նաև հավելեց, որ Տավուշի մարզում իրենք ստորաբաժանում չունեն, և այս դեպքերը մեկ անգամ ևս հաստատում են, որ դրա կարիքը շատ մեծ է:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի միջազգային գործընկերներից այս զեկույցի վերաբերյալ, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ բնականաբար, ունի ակնկալիքներ, սակայն չի ցանկանում դրանք հրապարակային ներկայացնել, որպեսզի չկաշկանդի միջազգային գործընկերներին: Նա հայտնեց, որ հաջորդ շաբաթ լինելու է Ստրասբուրգում , ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենալու ու քննարկելու այս ղեկույցը, ապա նման հանդիպումներ է ունենալու Բրյուսելում:
«Այս հարցերում պետք է լինել դուխով, համարձակ, քանի որ ճիշտը մեր կողմն է, մենք պիտի լինենք ակտիվ, որպեսզի ճիշտ ներկայացվի իրավիճակը»: