Արցախի Հանրապետության ԱԺ-ն համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:
Օրակարգը, Կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:
Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը և նշել, որ մանրամասնորեն քննության են առնվել խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:
Այնուհետև առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Այսպիսով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցություններից և պատգամավորներից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստացած առաջարկությունների պատկերն հետևյալն է .
«Հայրենիք» խմբակցություն՝ 1
«Դաշնակցություն» խմբակցություն՝ 36
«Շարժում-88» խմբակցություն՝ 38
Լյուդմիլա Բարսեղյան՝ 3
Արմո Ծատրյան՝ 11
Վարդգես Բաղրյան՝ 13
Դավիթ Մելքումյան՝ 4
Արթուր Թովմասյան՝ 1
Ռամելա Դադայան՝ 2
Գագիկ Պերրոսյան և Արսեն Առստամյան՝ 75
«Ընդհանուր առմամբ ներկայացվել է 184 առաջարկություն, որից 19-ը, բովանդակային առումով, կրկնվող էր:
Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 30-ը, որից 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել՝ 154 առաջարկություն, որից 13-ը՝ սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված և հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ»,- ներկայացրել է Արարատ Դանիելյանը:
Նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:
Քննարկումը շարունակվել է մտքերի փոխանակման փուլից, որի ընթացքում նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները և մի խումբ պատգամավորներ:
«Այստեղ քաղաքական ուժերի և առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում և այդ հասունությունը պետք է երևա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»,-ընդգծել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը, ով ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության նախագծում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների առաջարկություններով:
Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը՝ նախագահի ներկայացուցիչն առաջարկել է՝ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելու հարցին:
Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին: