Ավտովթար Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին. կա զոհ (ֆոտո)
Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ Մյասնիկյան 1 հասցեի մոտակայքում, BMW 325i մակնիշի 34 FN 423 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Կ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), բախվել արտաքին լուսավորման սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Դ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է նախահոգեբանական օգնություն: Դ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Կ.-ի դին և 1982 թ. ծնված Կ. Դ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: