26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլանդակ գազանություն

«ՈՎ ԲԱՐԻՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԱՐԻՔ Է ՀԱՏՈՒՑՈՒՄ, ՉԱՐԸ ՉԻ ՊԱԿԱՍԻ ՆՐԱ ՏՆԻՑ» (ԱՌԱԿ. 17: 13):

Ապերախտությունը մի այլանդակ գազանություն է, որ ոտնակոխ է անում Աստծու և մարդկանց բարերարությունը, և քանի որ ընդունած խնամքը չի ճանաչում, չի կարող որևէ մեկից խնամք գտնել:

Ով բարերարին երախտահատույց լինել կարող է, բայց զլանում է, անարժան է գթության. որովհետև ով իր պարտքը չի հատուցում, երբ կարող է, արժանի է պատժի, որն ընդունելիս կկամենա պարտքը հատուցել, բայց չի կարողանա:

Ով չգիտի, թե բարերարությունն ինչ է, չի կարող երախտահատույց լինել, և ով բարերարությունն իր օգտի համար չի գործածում, բարերարի ձեռքերը կապում է:

Սրանից ավելի մեծ ի՞նչ ապերախտություն կա, որ մարդ շատ տարիներ մեկից բարի պարգևներ ու իր ցանկությունների կատարումն ընդունի և երբ նա մի դույզն ծառայություն խնդրի, սա տրտնջա և չկամենա դրա կատարումը հոժարությամբ հանձն առնել:

Այսպիսիք նրանք են, որ իրենց մանկությունից վայելում են Աստծու պարգևները, նրա աննախանձ բարերարությունից ընդունել են իրենց պետք եղածը, միևնույն ժամանակ կյանքի ու հաճույքների համար վայելչություններ, բայց երբ Աստված թույլ է տալիս, որ մի փոքր փորձություն հասնի իրենց, գանգատվում են երկնքից ու տարրերից, իբր անգթությամբ են իրենց հետ վարվել, և չեն կամենում համբերել ու հոժարությամբ տանել. ցանկանում են միշտ վայելել իրենց տիրոջ բազմապատիկ շնորհները և համաձայն չեն գոնե միառժամանակ վշտանալ, երբ Աստված իրենց խրատում է:

Որքան ավելի բարձր պատվի է մեկը հասնում, այնքան ավելի է պարտավորվում երախտահատույց լինել իր բարերար Աստծուն. որովհետև Աստված ըստ պարգևների չափի տոկոսներ է պահանջում՝ ըստ այսմ. «Ում շատ տրվեց, նրանից շատ կպահանջվի» (Ղուկ. ԺԲ 48):

Ուստի յուրաքանչյուրը պարտավոր է Աստծուց իր ընդունած պատվի ու հարստության չափի ու աստիճանի համաձայն՝ երախտագետ մտքով բարի գործեր հատուցել Աստծուն կամ այդ պատվից ու հարստությունից հրաժարվել:

ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ 1763-1853

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ