27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիրոջ գրքում գրվում է

ԱՂՔԱՏԻՆ ՏՎԱԾԴ՝ ԿՈՐԱԾ ՉԷ։ ՏԻՐՈՋ ԳՐՔՈՒՄ ԳՐՎՈՒՄ Է ԵՎ ՆԱ ԿՀԱՏՈՒՑԻ ՔԵԶ

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ 5-րդ դարի մեր Եկեղեցու սյուներից է: Եղել է կրտսեր թարգմանիչների դասից: Ըստ մատենագիտական որոշ տեղեկությունների՝ եղել է Մովսես Խորենացու հասակակիցը: Լինելով իշխանազն ազատորդի՝ ամենայն հավանականությամμ ուսանել է Սուրբ Սահակ կաթողիկոսի մոտ կամ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի դպրոցում:
Ծնվել է 400 թվականին։ Կաթողիկոս է ընտրվել 471-472 թվականներին։ Իր մահկանացուն կնքել է 483 թվականին։

Ինքը` Տերը, ասում է. «Աղքատներին տված ողորմության պարտապանը ես եմ»։ «Նրանց փոխ տվածի փոխատուն ես եմ»: Քանզի. «Ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստծուն» (Առ. 19:17), որ անանցանելի բարիքներով մեկի (փոխարեն) հարյուրապատիկ է վերադարձնում, նաև քավում է նրա մեղքերը և փրկում ահավոր տանջանքներից. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու անօթևանի մասին. փորձանքի օրը կփրկի նրան Տերը» (Սաղմ. 30:1):

Իսկ ի՞նչ է (նշանակում) մտածել աղքատի ու տնանկի մասին: (Նրա մասին) մտածել (նշանակում է) հիշել նրա տառապանքները` (ասելով)` նա իմ եղբայրն է, իմ անդամն ու մարմինը, և ինձ նման կարիքներ ունի: Կարոտ է ինչքերի և բնակարանի, քաղցած մնալու վտանգից այս ու այն կողմ է ընկնում և շրջում է անհանգիստ: Տոթից շոգում է, ցրտից դողում, որովայնը դատարկ է, մարմինը` մերկ, մազերը թաղիք են դարձել, դեմքը դեղնել է ու թոշնել, ամբողջ մարմինն հալվել, մաշվել ու խեղճացել է. թափառում է, վարանում, դռների մոտ երերալով ու կանգնելով` պաղատում, գորովագին կարեկցություն է արթնացնում իր աղետալի վշտերի հանդեպ և իմանալով, որ խիստ դաժան են մեր մտքերը, առանց ամաչելու ցուցադրում է իր խեղված անդամները, որպեսզի մեզ` անողորմներիս, խոնարհեցնի` գթալու իրեն:

Հանդգնում է, համարձակվում և մեծ չարչարանքով փոքր-ինչ կերակուր է գտնում. դռները, գավիթներն ու տներն է մտնում երկյուղելով, քանի որ տների մոտ վախենում է շներից, երկնչում անասուններից, որովհետև ձիերն աքացի են տալիս, եզները` պոզահարում, շները` վիրավորում, իսկ չար ու անողորմ մարդիկ չարախոսում են, անարգում ու խոցոտում` ինչպես նետով, մանավանդ երբ (տեսնում են) խեղանդամի, կույրի կամ ցավագարի: Եվ նա քաղցի պատճառով վարանում է և արկածախնդրության դիմում, գնում հասնում է անողորմների, իբրև գազանների մոտ, որոնց կողմից անարգվում է, ապա եթե կարողանում է ինչ-որ բան ստանալ, այն էլ մեծ չարախոսություններով:․․․

․․․Եվ արդ, այս ամենը լսելով` չհապաղե՛նք ողորմել տառապող աղքատներին, առավելապես խեղանդամներին ու հիվանդներին, որբերին ու այրիներին, վշտացողներին, օտարականներին, հյուրերին ու ծերերին, բոլոր անհրաժեշտ պետքերի կարիք ունեցողներին, որի միջոցով կարողանան վաստակել և այս աշխարհում ապրելու միջոցը ձեռք բերել:

Եթե աստվածապաշտ ես, նրանց հոգաբարձո՛ւ և վերակացո՛ւ եղիր. եթե կամենում ես մեղքերդ փարատել, կերակրի՛ր և հագցրո՛ւ նրանց. եթե կամենում ես համարձակ երեսով տեսնել Քրիստոսին, մի՛ տրտմեցրու տառապողների ու կարոտյալների երեսները. եթե կամենում ես սուրբերի խորաններն ու օթևանները մտնել և ժառանել անբավ բարիքները, օթևան ու ասպնջակա՛ն եղիր օտարականներին, կարոտյալներին, հիվանդներին ու վշտացողներին, նրանց հանգստացրո՛ւ և մխիթարի՛ր երկրավոր պիտույքներով, որպեսզի նաև դու հանգստանաս ու վայելես հոգևոր կերակուրները և անանց փափկությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ