«Նախընտրում եմ Ամանորը դիմավորել հայրենիքում՝ ընտանիքիս հետ միասին։ Կարծում եմ՝ Նոր տարին ընտանեկան տոն է, ու հարկավոր է այն ընտանեկան ջերմ մթնոլորտում տոնել», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արա Այվազյանը։
Վերջինս նշեց՝ իր գործի բնույթն այնպիսին է, որ երբեմն տոնական օրերին հանդես է գալիս համերգներով։ Այս երևույթից, սակայն, երգիչը չի դժգոհում։
«Երգ-երաժշտությունն իմ տարերքն է, ու ես ուրախությամբ եմ հանդես գալիս իմ ժողովրդի համար՝ նույնիսկ տոնական օրերին։ Ժողովրդին ուրախ տրամադրություն պարգևելը իմ աշխատանքի բաղադրիչներից մեկն է», – նշեց Արա Այվազյանը։
Երգիչը շեշտեց՝ մինչև տոնական օրերի գալուստը հասցրել է համերգային շրջագայություններով հանդես գալ ու ուրախացնել իր հանդիսատեսին։
«Ընկերներիս՝ Կարեն և Մուրադ մշեցինների հետ մինչև Ամանորը հանդես եմ եկել համերգներով և մեր երգերով մաղթել ենք, որ հայ ազգը երբեք չընկրկի։ Թող որ հայ ազգն առողջ ու երջանիկ լինի, և թող ոչ մի զինվորի մոր աչք չմնա իր որդու ճանապարհին», – ասաց երգիչը։
Արա Այվազյանը նշեց՝ յուրաքանչյուր տարի Ամանորը գեղեցիկ ու հիշարժան է դառնում յուրովի։
«Իմ գործի բնույթն այնպիսին է, որ հաճախ, տոնական օրերին լինում են ոչ թե ընտանիքիս կողքին, այլ բեմում։ Փորձելով հիշել, թե որ տարում է Ամանորն ինձ համար հիշարժան եղել, այս պահին մտաբերում եմ 2015-ի դեկտեմբերի 31-ը։ Այդ տարին ես Ամանորը դիմավորեցի Հանրապետության հրապարակում՝ ձյան փաթիլների տակ։ Ինձ համար Ամանորն այդպես նշելն իսկապես հիշարժան էր, քանի որ մինչ այդ երբևէ այդ կերպ չէի նշել Ամանորը։ Ժամը 00։00-ից հետո ձյան փաթիլների տակ երգում էի ընկերներիս հետ։ Այդ պահին կարծես մոռացել էինք, որ դրսում ձյուն է գալիս ու սաստիկ ցուրտ է։ Այդ օրը մեծ սիրով բեմում երգեցի իմ սիրելի հանդիսատեսի համար», – նշեց երգիչը։
Հարցազրույցի վերջում Արա Այվազյանը իր տոնական բարեմաղթանքը հղեց ողջ հայությանը։
«Նախ ցանկանում եմ, որ ոչ մի մանուկ Ամանորին չմնա առանց նվերի։ Թող Ձմեռ պապը ոչ մի փոքրիկի չթողնի առանց նվերի։ Մաղթում եմ, որ հայը երբեք չկորցնի իր տեսակը։ Առաջնագծում կանգնած հայ զինվորները միշտ պետք է հիշեն՝ մենք իրենց կողքին ենք։ Բոլորին առողջություն ու հաջողություն եմ մաղթում», – եզրափակեց երգիչը։