‹‹Կցանկանայի շենացնել հայրենիքս››․ 13-ամյա բլոգերի երազանքները
13-ամյա Արայիկը, թեև, բոլորովին վերջերս է սկսել վիդեոբլոգինգով, բայց արդեն իսկ հասցրել է նվաճել օգտատերերի սերն ու համակրանքը: Նրա էջին այժմ հետևում է 41 բաժանորդ:
Վիդեոբլոգինգը, սակայն, Արայիկի միակ հոբբին չէ. նա նաև երգում է, նվագում, զբաղվում է մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ…
Henaran.am-ի թղթակիցը զրուցել է վերջինիս հետ` փորձելով բացահայտել, թե ինչպիսին է նա, ինչ երազանքներ ու ցանկություններ ունի:
-Արայի’կ, պատմի’ր քո մասին, ի՞նչ նախասիրություններ ունես:
-Իմ նախասիրությունները կապված են երգ-երաժշտության հետ, ես նաև կիթառ եմ նվագում: Իսկ վերջերս սկսել եմ զբաղվել վիդեոբլոգինգով. դա էլ է իմ նախասիրությունների մեջ մտնում: Սիրում եմ նաև զբաղվել մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ և այլն:
-Վիդեոբլոգինգը քեզ համար պարզապես նախասիրությո՞ւն է, թե ՞ ցանկանում ես հետագայում վիդեոբլոգեր դառնալ:
-Վիդեոբլոգինգն ինձ համար այժմ ուղղակի նախասիրություն է։ Չեմ կարծում, որ ինձ մոտ կհաջողվի դառնալ լուրջ վիդեոբլոգեր, բայց եթե ստացվի, ինչո ՞ւ ոչ, ես չէի հրաժարվի:
-Քեզ համար ավելի հոգեհարազատ է վիդեոբլո ՞գինգը, թե ՞ երգ-երաժշտությունը:
– Երկուսն էլ հոգեհարազատ են, բայց այս պարագայում երևի կասեմ` երգ-երաժշտությունը: Եվ, պետք է ասեմ, ինձ համար շատ հոգեհարազատ է ‹‹Յութուբ››-ը: Ես այն շատ եմ սիրում:
-Իսկ ովքե՞ր են քո ամենասիրելի երաժիշտները:
-Կիթառահարներից ` Տարոն Մալաքյանը, իսկ սիրելի երաժիշտներ շատ կան: Այս պահին նույնիսկ չգիտեմ` ում առանձնացնել:
-Մոտակա մեկ տարվա ընթացքում քանի՞ բաժանորդ կուզենայիր ունենալ քո բլոգում:
-Այս պահին ես ունեմ 41 բաժանորդ: Այս թիվն, իհարկե, շատ չէ, բայց դա կարելի է բացատրել նաև նրանով, որ ես նոր եմ սկսել զբաղվել վիդեոբլոգինգով և ընդամենը 5 նոր վիդեո ունեմ: Ձեր հարցին անդրադառնամ. կուզեի ունենալ ևս 50-100 բաժանորդ:
-Քո ալիքի բաժանորդները մոտ ապագայում կարո՞ղ են սպասել նոր անակնկալների:
-Իհարկե: Պարզապես այս պահին, այսպես ասած, չեմ ուզում բացել խաղաքարտերս: Բայց, պետք է ասեմ` արդեն մտածել եմ, թե առաջիկա մեկ տարվա ընթացքում ինչ վիդեոներ պետք է ներկայացնեմ:
-Կարդալ սիրո՞ւմ ես: Ո՞րն է քո ամենասիրելի գիրքը:
-Կարդալ, իհարկե, սիրում եմ: Նախընտրում եմ հատկապես գիտաֆանտաստիկ գրականությունը: Սիրում եմ կարդալ հատկապես Ժյուլ Վեռն: Իմ ամենասիրելի գիքը ‹‹Խորհրդավոր կղզի››-ն է: Այս հեղինակի ստեղծագործություններից կառանձնացնեմ նաև ‹‹Տասնհինգամյա նավապետը››: Շատ եմ սիրում նաև ‹‹Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը›› գիրքը: Այս գրքի հիման վրա, ինչպես հայտնի է, ֆիլմ է նկարահանվել. այն նույնպես շատ եմ սիրում:
-Ո՞ւմ կուզեիր նմանվել: Ո՞վ է քո հերոսը կյանքում:
-Ես կցանկանայի նմանվել ծնողներիս: Մայրիկիս կցանկանայի նմանվել, քանի որ նա ինձ օգնում ու առաջնորդում է իր խորհուրդներով: Այն ամենն ինչին հասել եմ, եղել է հենց մայրիկիս օգնությամբ:
-Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեիր:
-Կշենացների Հայաստանը, Երևանը և սահմանային այն գյուղերը, որոնք ունեն բարեկարգման կարիք: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը: Իսկ ինձ համար կցանկանայի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ բարդություններ չէին լինի վիդեոներ պատրաստելու ընթացքում։
-Քո տոնական բարեմաղթանքը…
-Թող նոր` 2017 թվականը լինի լավ տարի: Բոլորին առոջղջություն ու հաջողություն եմ մաղթում: Թո՛ղ ժպիտը բոլորի դեմքերից անպակաս լինի: Թո’ղ աշխարհում խաղաղություն լինի: Թո’ղ Ձմեռ պապն իրականացնի բոլոր մանուկների երազանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը։