Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը գաղտնիքը կբացի
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը հացադուլի 30-րդ օրը դադարեցրեց այն:
«Հայրս արդեն բավականին ծանր վիճակում է: Նա դադարեցնում է հացադուլը, սակայն այն կվերսկսի հունվարի 9-ից: Պահանջը մնում է նույնը, եթե չկատարվի որոշ գաղտնիքներ կբացահայտվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանի որդին:
Նա ընդգծեց, որ հայրը վստահ է և պատրաստ է խոսել թաստերով:
Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ ՖելիքսՑոլակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:
«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել: