26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը:

25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի եւ Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել քան վստահ ենք, որ կայացրել ենք սեփական ինքնիշխան պետություն կառուցելու այն միակ ճիշտ որոշումը, որը, բախտորոշ լինելով երեկ, այդպիսին է մնում այսօրվա ու վաղվա սերունդների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախության անցած ժամանակաշրջանի ոլորաններում հեշտ փուլեր չեն եղել:

2016 թվականը նույնպես իր փորձությունները մատուցեց մեզ, այդ թվում` ապրիլյան քառօրյա պատերազմը, ոստիկանության գնդի գրավման հետեւանքով ստեղծված իրավիճակը, սիրիահայ եւ հատկապես հալեպցի մեր հայրենակիցների դժվարին ճակատագիրը եւ այլն: Սակայն, ինչպես միշտ, մենք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարեցինք այդ փորձությունները, այլեւ ամրապնդեցինք վստահությունը մեր ուժերի հանդեպ:

Ամրապնդեցինք մենք ինքներս` հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Ամրապնդեցինք արցախյան ռազմադաշտում` ի դեմս ապրիլյան պատերազմում մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհությունից ծնված հաղթանակի եւ վերահաստատված խաղաղության:

Ամրապնդեցինք համահայկական դաշտում` վերստին ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր հայրենակցի ճակատագիրը Թալիշում, թե՛ Երեւանում, Տուլայում, թե՛ Հալեպում բոլորիս հոգածության ու մտահոգության խնդիրն է, որի լուծմանը ձեռնամուխ ենք լինում միասնական ուժերով:

Ամրապնդեցինք քաղաքացիական ըմբռնումներում` գիտակցելով, որ երկրի ներսում խաղաղությունը պակաս կարեւոր չէ, որ հայրենիքը սիրելո’ւ համար է, պաշտպանելո’ւ եւ հզորացնելո’ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու:

Ամրապնդեցինք օրենքի դաշտում` շարունակելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, փոփոխություններ, որոնք 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների միջոցով ապահովելու են անցումը պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:

Անցնող տարին մեզ եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության եւ իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած,այլ միշտ ձգտում եւ շարժվում ենք առաջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլեւ նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը: Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք եւ արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել` անցնող տարին լավ տարի էր:

Համոզված եղեք, որ 2017 թվականին բոլորիս ջանքերի, այդ թվում` ազատ եւ լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ եւ ավելի արդար Հայաստան, ավելի բարեկեցիկ ապրող եւ ավելի լավատես քաղաքացի:

Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն եւ առողջություն:

Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները:

Թող իրական երջանկությունը եւ հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ