26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին. Լևոն Տեր Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաննը ilur.am կայքում ներկայացրել է մի քանի պարզաբանումներ համագումարի ընթացքում հնչեցրած արձագանքներին ի պատասխան: ՀՀ առաջին նախագահը նշում է.

«Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին, և դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ և, ըստ երևույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։

Բոլորովին մտադիր չլինելով պատասխանել բացասական արձագանքներին, հարկ եմ համարում միայն ցավակցաբար արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման իմ «տեսակետը» կամ «հայեցակարգը» պարտվողական կամ դավաճանական հայտարարող ու դատափետող հարգարժան ընդդիմախոսներս հայտնվել են ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։ Պարզվում է, որ այդ մարդիկ ընդհանրապես անտեղյակ, կամ իրենց սազող բառով, բեխաբար են Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։
Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես և Հայ Ազգային Կոնգրեսը որևէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետևյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի.
2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.
3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.
4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաև Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.
5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.
6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։ Ստիպված եմ կրկնել, որ ես և Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որևէ կապ չունենք, այլև ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը։ Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։

Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը, որովհետև՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, և բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը։ Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, և երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց  իրենց, և ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են։

* * *
Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաև իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող և արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետևյալ անժխտելի իրողությունները։

Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արևմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարևելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաև Արևմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջև համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արևմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռևս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն» (iLur.am, 26.11.2015)։
* * *
Շատերին զայրացրել է նաև այն բանը, որ ես Իլհամ Ալիևին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ եմ համարել։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը։ Ռացիոնալ մտածողությամբ օժտվածությունը ո՛չ արտակարգ արժանիք է, ո՛չ էլ բացառիկության արտահայտություն։ Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն։ Այդ հասկացությունը, վերջին հաշվով, հանգում է իրականությունը ճիշտ գնահատելու և երևույթների պատճառա-հետևանքային կապն ընկալելու ունակությանը։ Տվյալ ունակությունն ամենևին կախված չէ մարդկանց դաստիարակությունից, կրթական մակարդակից կամ արժեհամակարգից։ Հասարակ, անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները։ Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե արտը ժամանակին չջրի, այն կչորանա։ Ցանկացած անտառահատ գիտի, որ եթե ծառի թեքությունը հաշվի չառնի, այն կընկնի իր գլխին։ Ցանկացած գործարար գիտի, որ եթե իր ապրանքը որակյալ չլինի, այն չի վաճառվի։ Այնպես որ, ռացիոնալ մտածողությունը ո՛չ գերբնական հատկություն է, ո՛չ էլ ինչ-որ մեկի մոտ դրա առկայության արձանագրումը՝ գովասանք կամ հաճոյախոսություն։ Ռացիոնալ մտածողությունից զուրկ են միայն այն անձնավորությունները, որոնց հավակնությունները գերակշռում են իրենց կարողությունները, և որոնց ինքնագնահատականը չի համապատասխանում սեփական արժանիքներին։

Սահմանափակվեմ այսքանով, որովհետև ելույթիս կապակցությամբ արտահայտված մյուս ցնդաբանություններին մամուլում և «ֆեյսբուքում» ինձնից լավ անդրադարձել են ռացիոնալ մտածողություն ունեցող հազարավոր ակտիվ քաղաքացիներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ