Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածն Արմեն Սողոյանն է
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանն է, որը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:
Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և 2015թ. գիտական ղեկավարն է:
Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 մլն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):