27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, բայց արյան հետք չկա զգեստներին». փաստաբանը մանրամասնել է

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր` դեկտեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով:

Պաշտպանը կրկին անգամ նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հետապնդում է  իրականացվում քաղաքական հայացքների համար:

Անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը  ներկայացրեց պաշտպանական ճառը:

«Մեղադրական կողմն ասում է՝ Գեղամ Խաչատրյանին ուղղված երկու հարված է եղել՝ մեկը ձեռքով, մյուսը՝ ոտքով: Եթե իրականում այս հարվածները ֆիքսված են եղել տեսագրությամբ, ապա կարիք չկար՝ տասներեք ոստիկանների կանչել ու նրանցից ցուցմունքներ վերցնել, եթե ըստ մեղադրական կողմի, հարվածները երեւում են տեսանյութով ինչու են վկաներ հարցաքննել»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը  թվարկեց քրեական գործում իր նկատած տարօրինակությունները. «Խաղաղ հավաքի տասնյակ մասնակից, վկաներ են հարցաքննվել նախաքննության ժամանակ, բայց նրանցից ոչ մեկին նախաքննական մարմինը վկա չէր հրավիրել դատարան, եթե ընդհանուր առմամբ քսանվեց հոգի հարցաքննվում են նախաքննության ժամանակ, տասներեքը ցուցմունք են տալիս Գեւորգի դեմ, տասնչորսը՝ Գեւորգի օգտին, ինչպես է ստացվում, որ Գեւորգի դեմ ցուցմունք տվողներին դատաքննության համար ներգրավել են որպես վկա, Գեւորգի օգտին ցուցմունք տվողներին՝ ոչ: Դատախազությունը եւ քննչական մարմիններն ակնհայտ կողմնակալ են եղել այս դատաքննության ընթացքում»:

Փաստաբանը անդրադարձավ նաեւ այս գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի մարմնական վնասվածքներին, թե ինչպես են վնասվածքներն արձանագրվել տեսանյութերով: Պարոն Հայրապետյանն ասաց, որ իրենց ներկայացրած տեսանյութերում ոչ մի տեղ չի երեւացել Գեղամի աչքի վնասվածքը, Գեղամի դեմքին որեւէ վնասվածք չկար, բայց մեղադրող կողմից մեկնաբանեցին, թե անարժանահավատ ապացույց է. «Իբրեւ թե մոնտաժված տեսագրություններ են, բայց չհայտարարվեց, որ կարողանայինք միջնորդություն ներկայացնել, որ համակարգչային փորձաքննություն նշանակվի՝ պարզելու՝ արդյոք մոնտաժված էր, թե՝ ոչ: Կամ Գեղամ Խաչատրյանը դատաբժշկական փորձաքննության է գնացել, բայց որեւէ լուսանկար չկա, վիրահատություն է կատարել, կար է ստացել, փորձագետը չի նկարել, ինչով բացատրել, սա՞ էլ է պատահականություն, փորձագետը պարտավոր էր նկարել: Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, արյան հետք չկա զգեստներին, նկարներում, մեքենայի մեջ, որով տարել են, վիրակապի, բամբակի ու անձեռոցիկի վրա: Մինչդեռ ոստիկանները պետք է հոգ տանեին՝ ապացույցները պահպանելու ու դրանք քննության ներկայացնելու համար: Գեղամը ստացել է բաց պատռվածք, բայց ոստիկան լինելով հանդերձ, չի՞ իմացել, որ գործում ապացույցներ պետք է լինեն, սա՞ էլ է պատահականություն»:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ