Բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը, որտեղ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը:
Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց, այն է՝ ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնակատար եւ առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրեց բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետեւ պատասխանեց խորհրդի անդամների հարցերին:
Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էր 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները եւ գիտությունը։
Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր: