Երրորդ մաս, Հռիփսիկ տոտա, լավ մոմ է թափում…Զոհրաբյանը Կառավարությանն ուղղորդում է բախտագուշակի մոտ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մոտենալով ամբիոնին՝ ասաց, որ չէր պատրաստվում ելույթ ունենալ, սակայն Կառավարության ներկայացուցչի՝ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի հայտարարությունն իրեն ստիպեց դա անել:
«Կառավարության ներկայացուցիչը ցնցող հայտարարություն արեց. առաջին անգամ հնչեց, որ տնտեսական անկումն ու աճը կախված է հաջողության հետ, այսինքն՝ աստղերը լավ կդասավորվեն, կառավարությունը կգնա մոմ թափողի, գրբացի մոտ, լավ կլինի այդ օրը, կլինի տնտեսական աճ, չի լինի, չի լինի տնտեսական աճ: Վստահությունը, կոռուպցիայի, ստվերի, մենաշնորհների դեմ պայքարն առ ոչինչ է, կարևորը հաջողությունն է»,-ասաց պատգամավորը:
Վերջինս հավելեց, թե իշխանության ու Կառավարության համար կարծես թե մի տարբերակ կա, որ ամեն ինչ կախված է հաջողությունից: «Եթե այդպես է, ես հուշում եմ հասցեն՝ Երրորդ մաս, Հռիփսիկ տոտա, լավ մոմ է թափում, գնացեք Կառավարությամբ, թող բախտ բացի, մոմ թափի, կլինի հաջողություն, թե ոչ, կունենա՞նք տնտեսական աճ: Սա է միակ ճանապարհը, շնորհակալ եմ ձեր անչափ անկեղծության համար»,-նկատեց Ն. Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Այս ինչ գովազդ արեցիք, տիկի՛ն Զոհրաբյան, Հռիփսիկ տոտային: Հիմա Ձեր փայն ինչքա՞ն է սրա մեջ:
Շնորհավոր Հռիփսիկ տոտայի Ամանորն ու Սուրբ ծնունդը»: