Անբարոյական է. Հայկական Ժամանակ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահվանից հետո իշխանական շրջանակներում սկսվել են նոր նախարարի հավանական թեկնածուների անունների շուրջ քննարկումները: Այս պահին հավանական թեկնածուներ են համարվում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս երեկ armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ քննարկումների մասին եւ անհեթեթություն է որակում դրանք. «Հատկապես անբարոյական եմ համարում իմ անունը շոշափելը: Հաշվի առնելով Արմեն Երիցյանի նկատմամբ ունեցած մարդկային պատկառանքը եւ հիշատակը չի կարելի նման բանի մասին խոսել»,- ասաց Աշոտյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս վաղ է համարում այղ թեմայով խոսելը’ հաշվի առնելով, որ դեռ 7 օր էլ չի անցել նախկին նախարարի հուղարկավորությունից: «Հիմարություն են այդ խոսակցությունները: Իհարկե, իմ հետ քննարկում երբեւիցե չի եղել եւ չեմ էլ կարծում, որ կլինի: Ամեն դեպքում, բարոյական չի այս պահին այդ մասին խոսելը»,- ընդգծեց մարզպետը:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրված են նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա: Վերջինս նույնպես նախարար դառնալու որոշակի հավակնություններ ունի: Թե ինչքանով կգնահատվեն այդ հավակնությունները վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից պարզ կդաոնա առաջիկայում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին 55 տարեկանում ծանր հիվանդությունից մահացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: