Ահավոր արյունոտ տարի էր. Զ. Փոստանջյանի սպասելիքները 2017-ից
«Երևի թե տարին ահավոր արյունոտ էր, այդքան երիտասարդներ զոհվեցին, և մեր հանրությունը ցնցում ապրեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սա, ինչպես պատգամավորը նշեց, լուրջ մարտահրավեր էր, որը մենք անցանք, ճիշտ է մեր երիտասարդների անգին կյանքի շնորհիվ, սակայն արդյունքում աղետը չտեղափոխվեց ավելի խորը
` դեպի Արցախի մայրաքաղաք:
«Իսկ դա էր պայմանավորվածությունը, ես այդպես եմ կարծում, և այս տեսանկյունից շատ արյունոտ էր: Հետո նաև «Սասնա ծռերի» ապստամբությունը եղավ, և այն մոտեցումը, այս իշխանության կրակելը մեր հերոսների ոտքերին, հայտարարությունները հետագայում և նաև այն բոլոր որոշումնեը, որոնք միջանկյալ էին, իբրև թե փոփոխության էին միտված, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել»,-նկատեց նա:
Պատգամավորի խոսքով` «Սասնա ծռերի» հայտարարությունները, որ մենք պարտավոր ենք կեղտից մաքրել երկիրը, մնացին որպես հայդպիսին և դեռ պետք է ի կատար ածվեն. «Ի կատար ածումը տեղափոխվում է 2017 թվական, և այդ նույն ապստամբությունը չի կարող չունենալ հետևանքներ»: Ըստ նրա` «Սասնա ծռերի» ապստմաբության հետևանքն այն էր, որ նախ 15 օր շարունակ բոլոր հայաշատ քաղաքներում տեղի էին ունենում ցույցեր, ապա եղան հայտարարություններ սփյուռքից, որոնք շատ կարևոր են:
«Մենք տեսնում ենք, որ այստեղի հայերի ու սփյուռքի միջև հաղորդակցությունը արդեն ինչ-որ չափով փորձում է կայանալ: Որքան կհաջողվի տրանսֆորմացնել` որպես համատեղ կյանքով ապրելու հնարավորոթյուն, ցույց կտա 2017-ը, բայց առանց մեր դրսում ապրող հայրենակիցների, առանց նրանց մասնակցության այսօր մենք չենք կարող շտկել վիճակը:
Բայց իրենց մասնակցությունը չպիտի լինի միայն բարեգործական, մշակութային, պետք է լինի քաղաքական որոշումների տիրույթում, նրանք պետք է մասնակցություն ունենան բոլոր քաղաքական գործընթցաներում, մասնավորապես ընտրություններին»,ճվստահ է պատգամավորը:
Վերջինս շեշտեց, թե եթե հաջողվի ձևավորել քաղաքական շարժում ու պլատֆորմ, երբ կտապալվեն իշխող կուսակցությունն ու վերնախավը, ժամանակավոր ղեկավարություն կստեղծվի` գործադիր մարմին, որը կպատրաստի Սահմանադրությունը, սահմանադրական այնպիսի նորմեր, որ նախատեսում են այնպիսի խորհրդարան, որտեղ պատգամավոր են ընտրվում բոլոր հայաշատ քաղաքներից. «Եթե այդպես չենք անում, մեր այստեղի սակավ ուժերով չենք կարող հաղթահարել որևէ ճգնաժամ ու պահպանել նաև մեր սահմանները»,-եզրափակեց նա: