«Սեյրան Օհանյանը պիտի որպես հերոս մնար ժողովրդի հիշողության մեջ»

Քաղաքագետ Արթուր Ղազարյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը բավական շատ բացասական նշանակություն ունեցավ Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի անվան վրա, և հիմա գալով քաղաքական դաշտ` նա փորձելու է ուղղել այդ ամենը: «Ապրիլյան պատերազմից հետո իր տեղակալները, տարբեր բարձրաստիճան զինվորականներ հեռացվեցին իրենց պաշտոններից, որոշների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և այս ամենն վատ անդրադարձավ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետագա գործունեության վրա, և դա է պատճառը, որ վերջինս ազատվելուց հետո կրկին փորձում է վերադառնալ քաղաքական դաշտ:
Բայց ասեմ, որ այդ պահանջը չկա հասարակության կողմից, որովետև հասարակության մեջ դեռևս թարմ է այդ հիշողությունը` կապված նրա կառավարման տարիների, նրա կնոջ սկանդալային գործունեության, ԶԼՄ-ների հետ դատական պրոցեսների հետ և այլն, և այլն: Բնականաբար, այս ամենն իր բացասական էֆեկտն ու ազդեցությունը կունենան քաղաքացիների գիտակցության մեջ»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Հարցին, թե որ դաշտում է տեսնում Սեյրան Օհանյանին` ընդդիմադիր, թե իշխանական, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Ինքն ընդդիմադիր դիրքերից կարող է հանդես գալ, քանի որ այսպես, թե այնպես իշխանական պրոյեկտում չի տեղավորվի, և կարծում եմ նա կփորձի օգտագործել այս տարիներին ձեռքբերած ռեսուրսն ու քաղաքական դաշտում դերակատարում ունենալ, բայց իսկապես կասկածելի է, որպես անձ ու անհատ, քաղաքական դաշտում նրա դերակատարումը»: Ըստ քաղաքագետի
` այլ հարց է, եթե նա փորձի դաշինքով կամ այլ ուժերի հետ հանդես գալ, սակայն այստեղ էլ նա խնդիր է տեսնում.
«Սեյրան Օհանյանը, լինելով զինվորական, այնուհետև Պաշտպանության նախարար, ոչ քաղաքական գործիչ, այդ ո՞ր ուժերի հետ պիտի դաշինք կազմի: Նախնական տեղեկություններով նա կարող է դաշինք կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, մարդ, ով, որպես այդպիսին, վերջին նախագահական ընտրություններից հետո, կարելի է ասել, իսպառ վերացրեց ինքն իրեն: Այս համատեքստում ոչ մի կերպ չի ընկալվում այդ դաշինքը: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչ է, իսկ Սեյրան Օհանյանը` ոչ, և ես կասկածում եմ, որ նա կարող է լինել քաղաքական գործիչ»:
Արթուր Ղազարյանը շեշտեց, որ Սեյրան Օհանյանն, ավելի ճիշտ կաներ, որ արցախյան պատերազմով անցած հերոս մնար ժողովրդի հիշողության մեջ: «Թե քաղաքականություն մտնելն ինչ կտա իրեն, ես չեմ կարող ասել, բայց որ միանշանակ չի ընկալվի, չի ընդունվի, դա փաստ է լինելու»,-եզրափակեց քաղաքագետը: