15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում և Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է, քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման արդյունքում, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:

Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է քաղաքի հարավային մուտքի կառուցման աշխատանքի արդյունքները, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքները:

Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է թվով 217 գույքային միավոր` 6,543 հազ ԱՄՆ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար:

Քաղաքապետի հավաստմամբ, արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնց շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երևան-2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին:

Նախատեսվում է 2019 թվականին ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որի արդյունքում բնակիչներին կհանձնվի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4 վարչական շրջաններն իրար կապող շուրջ 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ճանապարհը՝ զգալիորեն բեռնաթափելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ