Հայ-ռումինական հարաբերությունները վերընթաց են ապրում
Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Լազար Կոմանեսկուն ուղերձներ են փոխանակել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Ձերդ Գերազանցություն,
Մեծագույն հաճույքով եմ գրում Ձեզ` նշելու համար Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Ռումինիան առաջին երկրներից էր, որ 1991թ. դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ինքնիշխան պետականության հռչակումից շատ չանցած, պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Օրեր անց` դեկտեմբերի 17-ին, Բուխարեստում ստորագրվեց Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագիրը` խարսխված հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի վրա: 1994թ. Հայաստանն իր դիվանագիտական առաջին ներկայացուցչություններից մեկը բացեց Բուխարեստում:
Արդեն քառորդ դար է, ինչ հայ-ռումինական հարաբերությունները վերընթաց են ապրում` հիմնվելով բարձր մակարդակի փոխայցելությունների և ակտիվ քաղաքական երկխոսության, ավելի քան չորս տասնյակ երկկողմ համաձայնագրերի ծանրակշիռ իրավական հենքի, հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին իրարահաջորդ ծրագրերի շրջանակներում իրականացվող մշակութային փոխանակումների վրա: Երկկողմ ձևաչափից զատ, մեր երկրները համագործակցություն են ծավալում բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Արևելյան գործընկերությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և այլ կառույցներ:
Հայ-ռումինական հարաբերությունները մեծապես շահել են ռումինահայ կենսունակ համայնքի ներդրումից, որը դարեր շարունակ իր ներկայությունն է ունեցել Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Համոզված եղեք, որ Հայաստանը կշարունակի ամենայն ջանք գործադրել` ամրապնդելու և զարգացնելու մեր երկրների միջև համագործակցությունը` առաջիկա քառորդ դարում և այդուհետ:
Կուզենայի նաև այս առիթն օգտագործել` Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին մաղթելու բարօրություն և առաջընթաց:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐՈՆ ԼԱԶԱՐ ԿՈՄԱՆԵՍԿՈՒԻՆ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԲՈՒԽԱՐԵՍՏ