Լարսին այլընտրանքային ճանապարհների հարցն են քննարկում (վիդեո)
2017 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կունենա մոտ 740 միլիոն դրամի տնտեսում: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը շարունակվում է բնականոն հունով: Արդեն ավարտված և շահագործման հանձնված Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15 կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ:
Հարցին, թե կարծում է, որ Լարսի խնդիրն անլուծելի է, նա պատասխանեց. «Այսօր դա Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և վրացի գործընկերներն ամեն ինչ անում են, որ ճանապարհը բաց լինի, աշխատանքները կատարվում են, Վրաստանի վարչապետի հանձնարարական էլ է դա:
Ալտերնատիվ ճանապարհներ էլ են քննարկվում, օրինակ՝ լաստանավերով, սակայն Փոթիի նավահանագիստը լաստանավեր չի ընդունում, ավիոփոխադրումներով բեռներ տեղափոխելու ճանապարհն է քննարկվում նաև, բայց այսօր Լարսը բաց է, Հայաստանի սահմանին է մոտեցել 301 մեքենա»:
Ինչ վերաբերում է Լարսի անօրինական չարաշահումների վերաբերյալ լուրերին, ապա նախարարն ասաց, որ այդ հարցը բարձրացվել է ՌԴ գործընկերոջ առաջ, մաքսային կետի ղեկավարի մոտ էլ է այդ հարցը բարձրացվել: «Իրենք ասում են, որ նման բան չկա, բայց վարորդներն ասում են, որ լինում է, մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ»: