Այս Կառավարությունը մի լավ բան է արել.Վահագն Խաչատրյանը մանրամասնել է
«Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրության շրջանակներում կարող էին անդրադարձ կատարել նաև նախկինում հարստացած պաշտոնյաներին»,-այս մասին այսօր ՀԱԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Սա զուտ քաղաքական ու նախըտրական քայլ է, ոչ ավելին: Ես չգիտեմ, թե հետագայում դա ինչպես կկիրառվի: Փաստացի այդ օրենքի հետադարձ ուժի հարցը փակվեց՝ այն հանգամանքից ելնելով, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց շատ երկրներ, հիմնականում, Արևելյան Եվրոպայի, հենց այդ օրենքի ընդունումը կապում էին նրա հետ, որպեսզի կարողանային նախկինում տեղի ունեցած ապօրինի գործընթացներն ուսումնասիրեին: Այսինքն՝ այդ օրենքը ես համարում եմ կիսատ, դա այս էտապում ժողովրդին ներկայանալու համար է արված ընդամենը»,- ասել է Վահագն Խաչատրյանը:
Խաչատրյանը փաստել է, որ կառավարության այս փոփոխությունը քաղաքական քայլ է, ոչ թե տնտեսական: Նրա խոսքով՝ հարկային մարմինների աշխատանքում ոչինչ չի փոխվել, ինքը երեկ է հանդիպել գործարարների հետ, որոնք դրական փոփոխություններ չեն տեսնում:
«Այս կառավարությունը մի լավ բան է արել, լավն այն էր, որ ինքը եկավ ու ասաց, որ տնտեսության վիճակը վատ է, եկավ խոստովանեց, որ այն վիճակագրական տվյալերը, որոնք տարիներ շարունակ ներկայացվում են, իրականությանը չեն համապատասխանում: Բայց սա էլի քաղաքական նկատառումներից ելնելով է: Իրենք հարկավոր էր, որպեսզի ֆիքսեն ցածր բազա, որպեսզի 2017 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արդեն իրենք բարձր թվեր ցույց տան»,- եզրափակել է Վահագն Խաչատրյանը: