27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ միջոցառումներ են լինելու Երևանում ամանորին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը:

Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Նշվել է նաև, որ այս տարի լույսերի միացման հանդիսավոր արարողություն նախատեսված չէ:

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար  Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, կկազմակերպի Նոր տարվա դիմավորման տոնական ծրագիր, որը կուղեկցվի հայկական էստրադայի սիրված արտիստների ուրախ և տոնական երգերով ու պարային կատարումներով, իսկ ուղիղ կեսգիշերին հրավառությամբ կազդարարվի Նոր տարվա գալուստը։

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի աշխատանքին՝ նշվել է, որ Ամանորի գիշերը  մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն:

«Այս տարի տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում:  Այստեղ կձևավորվի հեքիաթային սառցե քաղաք, որտեղ դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Ձմեռ պապը սիրով կհյուրընկալի բոլորին: Երեխաներն այստեղ հնարավորություն կունենան հետաքրքիր ժամանակ անցկացնել հեքիաթային քաղաքում: Բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում: Այս տարի մի շարք հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված նաև մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ», – նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ հունվարի 5-ին՝ ժամը 15:00-ից, հեքիաթային քաղաքի բեմահարթակում ելույթ կունենան մանկական սիրված խմբեր, փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ, Սուրբ ծննդյան տոնածիսական արարողությամբ կմեկնարկի ազգագրական երգի և պարի կատարումներով համերգային ծրագիրը:

Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:

«Այս տարի հատուկ շեշտադրում է արվել սոցիալական նշանակության ծրագրերին: Մասնավորապես մայրաքաղաքի անապահով ընտանիքներին այս տարի ևս կտրամադրվի պարենային աջակցություն: Նվերների փաթեթներ են նախապատրաստված նաև շուրջ 40 հազար երեխաների համար: Բացի այդ, ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ին:

Հունվարի 2-5-ը՝ ժամը 11:00-ից 17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև Երևան քաղաքի պատմության և Ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Ամանորյա տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տեղեկատվական բուկլետներ կբաժանվեն մայրաքաղաքի հանրային, մարդաշատ վայրերում:

Այս տարի բուկլետում ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ  հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 2-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ տեղեկատվություն:

Հավելյալ տեղեկությունների համար նշված են նաև էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ