Աստված հրամայել է իր հրեշտակներին պահպանել քեզ
Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։ Նա քեզ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից։ Իր ծոցում կպահի կպաշտպանի քեզ, եւ դու ապահովություն կունենաս նրա թեւերի հովանու տակ։
Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից, եւ կեսօրին դեւի գայթակղությունից։ Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա։ Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը։
Դու, Տեր, իմ հույսն ես։ Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր։ Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին։ Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։
Դու կքայլես իժերի ու քարերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց։ Ինձ ձայն կտա՝ ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառավորեմ նրան։ Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը։
Դավթի սաղմոսների գրքից 90