«Դրամը խոցելի վիճակում է»
Ինչպես հայտնել ենք, մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում,
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝ այս պրոցեսը կապված է պահանջարկի ու առաջարկի հետ:
Նոր տարվա շեմին մեզ մոտ այսպիսի կտրուկ տատանումներ լինում են: 2014 -ին էլ կտրուկ արժեզրկում եղավ: Հիմա արժեզրկման միտում, իհարկե, նկատում են, բայց իրավիճակը վերահսկվում է դրամային շուկայում: Չեմ կարծում, որ դրամն այնքան կարժեզրկվի, որ մեծ վտանգների առաջ կանգնեցնի:
Սպառնալիքներ չեմ ուզում տեսնել, քանի որ դրա հիմքերը չկան: Փոքր շրջանակներում տատաումներ կլինեն՝ գների փոփոխության հետ կապված, ու, բնական է, որ Ամանորի շեմին ՀՀ-ում այդ կտրուկ վիճակը նկատելի է դառնում: Դրամը խոցելի վիճակում է, ուստի կարող է նաև արժեզրկվել, բայց, բոլոր դեպքերում, մեծ վտանգներ չեմ տեսնում»: