Ժպտում եմ ու ցավում, որ նա մոլորության մեջ է. ԱԺ պատգամավորի արձագանքը
«Սա արվել է հատուկ հրահանգով, որպիսի իմ վրա ցեխ շպրտվի»,-այսօր Henaran.am-ում արված հրապարակմանը արձագանքեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 12 օր կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ազամարտիկ Սարգիս Ղազարյանը կառավարության դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ձայնագրություններ, որտեղ հնչում են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները:
«Ես արդարանալու ո՛չ կարիք, ու ո՛չ էլ ցանկություն չունեմ: Իմ դիմաց կանգնած է ոչ ադեկվատ մարդ: Ես հարգում եմ ազատամարտիկի կոչումը, ես հայ մարդ եմ ու պատրաստ եմ տղամարդավարի պատասխանել ինձ ուղղված մեղադրանքներն:Իմ համար ցավալի է, որ ինձ համար անծանոթ մեկը, որը 12 օր հացադուլ է հայտարարել որոշել է մեղադրել ինձ: Ժպտում եմ ու ցավում, որ նա մոլորության մեջ է և չէի ուզում նա հոգեբուժական քննության ենթարկվեր»,-ընդգծեց Արագած Ախոյանը:
Պատգամավորի փոխանցմամբ՝ ինքը այդ մարդուն տեսել է միայն մեկ անգամ ու փորձել է լսել նրա բողոքը:
«Ես պատրաստ եմ դիմել իրավապահ մարմիններին:Թող բոլոր ձայնագրությունները ուսումնասիրվեն:Ես չեմ կարող թույլ տալ, որ շանտաժի ու ստի ճանապարհով տուժի իմ տարիների վաստակը»,-եզրափակեց Արագած Ախոյանը, որը կրկին անգամ հավելեց, որ իր համար այս պատմությունը անակնկալ է, բայց ցավալի է, որ ազատամարտիկի անուն է շոշափվում: