Ես չեմ ներում սխալ արած մարդկանց. Աբրահամ Մանուկյանը` Նաիրա Զոհրաբյանից
«Երբ կորոշենք, թե որ թիմի հետ ենք գնում, երբ ամեն ինչ հստակ կլինի դաշտում, կիմանաք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե արդեն որոշել է իր քաղաքական ապագան որ թիմի կազմում է լինելու:
Հարցին, թե հաշվի առնելով, որ կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած 2017 թվականի պետական բյուջեի նախագծին, հնարավոր է, որ համագործակցի ՀՀԿ-ի հետ, նա պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչու պիտի դեմ քվեարկեի, ես նախորդ կառավարությանն էլ եմ կողմ քվեարկել: Ես առաջնորդվում եմ հնարավորություն տալ մարդկանց դրսևորվելու»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, Ա. Մանուկյանն ընդգծեց. «Միանշանակ, Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ի վարկանիշը կբարձրանա մի քանի անգամ:
Ա. Մանուկյանն ընդգծեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր վիրավորական արտահայտություններ են արել ժամանակին Գագիկ Ծառուկյանի հասցեին, սխալ են եղել։
«Սխալ են այն մարդիկ, ովքեր նման արտահայտություններ են արել, երբեք պետք չէ կամուրջները մինչև վերջ այրել», – ասաց նա և ընդգծեց, որ Գ. Ծառուկյանը մեծահոգի է, որովհետև որոշել է ներել վերը նշված մարդկանց։ Պատգամավորն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հանրային մեծ պահանջ կա։
Նա նաև հերքեց մամուլում հայտնված լուրերը, թե կուսակցության գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ կոնֆլիկտ է ունեցել. «Ես Նաիրա Զոհրաբյանի հետ ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ, մենք միշտ եղել ենք փոխադարձ համաձայնության մեջ»: Հարցին, թե ներել է նրան, պատգամավոը պատասխանեց. «Ես չեմ ներում սխալ արած մարդկանց»: