Ընտրական մեխանիզմը թույլ է տալիս ունենալ համեմատաբար արդար ընտրություններ

«Իմ քաղաքական փորձը, կենսագրությունը թույլ է տալիս շատ զգուշորեն վերաբերել որևէ խոստման, և իսկապես որևէ իշխանություն, սկսած 90-ականներից, նույն բանն է ասում, ուղղակի խնդիրը հիմա մի քիչ այլ է, Գյումրու ու Վանաձորի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ընտրակարգ է փոխվել, որտեղ ընտրական մեխանիզմն, ով ինչ ուզում է ասի, այնպիսին է, որ շատ դժվար կլինի կեղծել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ռուբիկ Հակոբյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի և նույնիսկ ՀՅԴ-ի հայտարարություններին, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են անբիծ:
«Մի կողմից երևի քաղաքական կամք եղել է, որ այս մեխանիզմը մտցնեն, առաջ ամեն ինչ մնում էր քաղաքական կամքի վրա, և մենք երբեք այդ քաղաքական կամքը չտեսանք, որ արդար ընտրություններ կայանային, բայց այսօր ընտրական մեխանիզմը որոշակիորեն կարողանում է ապահովել, որ հնարավորինս համեմատաբար արդար ընտրություններ լինեն»,-հավելեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ օրինակ Գյումրիում ու Վանաձորում ասում էին, որ մոտ 44 տոկոս է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սակայն դա իրականությանը չի համապատասպանում, քանի որ քաղաքացիների մեծ մասը ցուցակներից դուրս է: «Եթե իրական վերցնենք, թե ովքեր են մնացել Հայաստանում, 70-80 տոկոսից ոչ պակաս մասնակցել է ընտրություններին , այսօր ընտրական մեխանիզմը թույլ չի տալիս լցոնումներ, ուղղակի վստահ եմ, որ այդ քաղաքներում 70-80 տոկոսն է մասնակցել»: