Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 03.50-ին Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը: Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար: Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանի Հանրապետությունից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: