Այդ մարդկանց ամոթի սյանը չեմ գամելու չէ՞. Զուրաբյանը՝ ՀԱԿ խմբակցությունից
«Կիսաքայքայման տերմինը չեմ հասկանում, կամ քայքայված է, կամ ոչ: Իսկ մի բան , որ քայքայվում է, ՀՀ-ն է, տնտեսությունն, այն իշխող համակարգն է, որ գոյություն ունի Հայաստանում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի կիսաքայքայված վիճակում է:
«Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեռնելու, քայքայվելու, սպառվելու մասին պնդումներին, ապա այս պնդումները եռամսյակը մեկ առնվազն Էդուարդ Շարմազանովը հնչեցրել է մեր հասարակության համար, իրենց պատկերացումն է, իրենց թվում է, որ ինչ-որ մի բան շատ հաճախ կրկնես, դա դառնում է իրականություն, օրինակ՝ եթե կրկնես, որ մենաշնորհ չկա, կվերանա: Իրենք 2008-ից ի վեր այդ արտահայտությունը կրկնում են»,-նկատեց նա:
Հարցին, թե իրենց խմբակցությունը քայքայված չի՞ համարում՝ հաշվի առնելով այն, որ 3 պատգամավորները հաճախ չեն քվեարկում այնպես, ինչպես խմբակցությունն է որոշում, այլ քաղաքական ուղի են բռնել, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մեր խմբակցությունը միակն է, որ աշխատում է սիստեմատիկ, համաձայն կանոնադրության որոշումներ ընդունում, եթե որպես քայքայման սինդրոմ փորձում են ներկայացնել այն, որ խմբակցության որոշ պատգամավորներ կարող են քվեարկել խմբակցության որոշմանը հակառակ, ես դա նորմալ եմ համարում, աննորմալ է այն, ինչ տեղի է ունենում ՀՀԿ-ում»:
Նա հիշեցրեց, որ օրինակ՝ երեկ, պետական բյուջեի լրամշակված տարբերակին բոլոր 7 պատգամավորն էլ դեմ են քվեարկել:
«Մեկ ներկայացնում են խմբակցության դիրքորոշումը, մեկ չեն ներկայացնում, ես այդ մարդկանց ամոթի սյանը չեմ գամելու չէ՞»,-եզրափակեց նա: