Վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան. կա երկու զոհ

Ասյօր ժամը 11.52-ի սահմաններում ՃՏՊ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում: Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231.300 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներեն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված և ճանապարհին ոչ մի ձյուն ու մերկասառույց չի եղել։