Երկար լռություն, ապա խինդ՝ վարչապետի ու Փաշինյանի հարցուպատասխանից հետո
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցերը բաժանեց նախահարցի և հարցի: Նախահարցը վերաբերում էր նրան, որ նախորդ հարցուպատասխանին վարչապետը ներկա չէր, գտնվում էր ՌԴ-ում, և պատգամավորը հարցրեց, թե դա նշանակում է արդյոք, որ եթե ամեն անգամ ընտրություն լինի՝ ՀՀ Սահմանադրության և Մոսկվայի միջև, ընտրություն է կատարելու դեպի Մոսկվան: Հարցն արդեն վերաբերում էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնին, թե արդյոք ընտրություններից հետո սակագինը կրկին բարձրանալու է:
«Հիմա եթե իրադարձությունները ձեր հարազատ կուսակցության համար բարենպաստ սցենարով գնան, կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա, և կամ Բ տարբերակ՝ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ռազմավարական օբյեկտով, ռազմավարական շահով, հեռանկարով»,-հարցրեց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ նախահարցի պատասխանը, կարծես թե, պատգամավորը չի ակնկալում: Պատգամավորն արձագանքեց՝ ակնկալում է:
«Դե էտ դեպքում դա նախահարց չի, իսկ ձեր Ա և Բ կետին պատասխանում եմ՝ այո»,-ասաց վարչապետը: Պատգամավորը նշեց, թե այսինքն՝ երաշխավորում է, որ սակագները չեն բարձրանալու և ոչ էլ ռազմավարական նշանակության օբյետների հաշվին: Նա շարունակեց, թե քանի որ կարճ պատասխան տվեց, ապա հետաքրքիր էր իմանալ, թե արդյոք Մոսկվայում իր առաջարկն էր Ամերիկանո կոֆեն Ռուսիանո անվանել: «Արդյոք այդպե՞ս է, և եթե այո, ձեր կառավարությունում իրականություն դարձե՞լ է այդ առաջարկությունը»,-շեշտեց նա:
Կարեն Կարապետյանը հուշեց, որ երկրորդ անգամ հարց տալու իրավունք չունի, այլ իրավունք ունի միայն արձագանքել նախորդ հարցին, ուստի կարող է և չպատասխանել հարցին: «Բայց ձեր Ա և Բ կետերի վերաբերյալ հարցին ֆիքսենք, ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, թե ոչ՝ ոչ, իսկ ռազմավարական սուբյեկտով վճարելու ենք, թե ոչ»,-ասաց նա: Պատգամավորի ու վարչապետի լռությունից հետո վարչապետը ժպտալով նշեց, թե քանի որ ինքը հարց տվողին հարգում է, ապա կսպասի, նա նստի, և նոր ինքը ամբիոնը կլքի:
Այս ամենը խինդ ու ծիծաղ առաջացրեց դահլիճում: