«Վարկային միջոցները հոսում-գնում են, ինչպես ջուրը ավազում»
Մամուլը գրում է՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է:
Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ իրականում այդ ծավալի վարկը մեծ գումար չէ նման ծրագիր իրականացնելու համար: Մնում է՝ այդ վարկային միջոցներն իսկապես նպատակին ծառայեն:
«Ըստ էության, այդ վարկային ռեսուրսը վերցնելն իր մեջ վտանգներ չի պարունակում: Այդ վտանգները լինում են այն ժամանակ, երբ դրանք ռացիոնալ չեն վերաբաշխվում ու, ինչպես ջուրը ավազի մեջ, հոսում-գնում են: Եթե այդ վարկային միջոցը ռացիոնալ օգտագործվի, մենք կունենանք արդիական էներգահամակարգ, որը արդյունավետ աշխատող սիստեմ է: Այսպիսի տիրույթներում ֆինանսների ներդրումը կարող է բերել գումարների հետ վերադարձի, բայց, էլի կրկնում եմ, դա լինում է այն պարագայում, երբ այդ ֆինանսները լավ են կառավարվում», – նշեց տնտեսագետը: