Ասում եք՝ ձեզնից ի՞նչ ենք ուզում, ձեզնից ոչինչ չենք ուզում. Շարմազանով (վիդեո)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելւ սահմանադրական պահանջ է: Օրենքի վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունների առկայությունը նոր դրական գնահատեց ու Կառավարության ներկայացուցչին հորդորեց աշխատել պատգամավորների հետ: «Սա մեր համակարգաստեղծ օրենքներից մեկն է, առանց կայացած տեղական ինքնակառավարման ու օրենքի մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ այլ արժեքներից:
Մենք ապակենտրոնացումն ու ՏԻՄ-երը պետք է զարգացնենք»,-արտահերթ ելույթում նշեց նա: Անդրադառնալով Գյումրու ու Վանաձորի ընտրություններին ու բոնուսային համակարգին՝ նա շեշտեց. «Հարգելի՛ բարեկամներ, այդ բոնուսներից միայն Հանրապետականը չի օգտվել: Եթե Գյումրիում Բալասանյան դաշինքն օգտվել է բոնուսից, ապա Վանաձորում օգտվել է հարգելի Լուսավոր Հայաստանի թիմը, ԲՀԿ-ը, այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունները: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այստեղից մենք բոլորս հիշում ենք…եթե հիշում ենք, պիտի կիսատ-պռատ չհիշենք»:
Ինչ վերաբերում է վանաձորյան իրավիճակին, ապա ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ եթե կա օրենսդրական բաց, ապա քաղաքակիրթ աշխարհն ընտրել է նորմալ ճանապարհ՝ դատական ատյանը: «Կառավարության ներկայացուցիչն էլ ասում է, որ 3 ամիս կա, իմպերատիվ կերպով չէ: Պարո՛ն Մարուքյան, ձեր իրավունքն է, դիմեք դատարան, այստեղ մենք չենք որոշողը, դուք կդիմեք, իմ կարծիքով՝ դա պարտադիրը չէ: Ասում եք՝ ձեզնից ի՞նչ ենք ուզում, ձեզնից ոչինչ չենք ուզում, ձեզնից բոլորս ուզում ենք, որ համագործակցենք՝ ի շահ ՀՀ-ի»,-հավելեց Է. Շարմազանովը:
Ըստ նրա՝ դիմացը խորհրդարանական ընտրություններն են, այդ պատճառով էլ նման աժիոտաժ է առաջացել՝ Գյումրու ու Վանաձորի ընտրությունների հետ կապված:
Շարմազանովն ասաց, որ փակ գաղտնի քվեարկություն է եղել քաղաքապետ ընտրելիս, ու միայն ՀՀԿ-ականները չեն ընտրել Մամիկոն Ասլանյանին՝ որպես Վանաձորի քաղաքապետ:
«Հիմա ինչ վերաբերում է ձեր պլան Բ, պլան Ց, ինչքան պլաններ ունեք, ձեր իրավունք է դրանք իրականացնելու, կառավարությունն էլ իրավունքն ունի իրականացնելու, իշխանությունն էլ՝ իր: ՀՀ-ում գոնե այսօր, գոնե այս քաղաքական աշունն ապացուցեց, որ մեր քաղաքական ծրագրային օրակարգը բացառապես իշխանությունն է ստեղծել, և որն ունի ռազմավարություն, մեր ռազմավարությունը պայմանավորված չէ մեկ-երկու համայնքով, այն ունի փիլիսոսփայություն, կախված չէ ընտրություններից, կախված չէ նրանից, թե ապրիլին ընտրություններ են լինելու, թե ոչ»: