Կառավարությունն անգամ ռիսկ չի անում փոխմարզպետներին կրճատել
2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Այս մասին պատգամավորը նշեց այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ:
«Որևէ առաջարկ չի ընդունվել, ընդ որում սա առաջին անգամն է, գրված է՝ կքննարկենք, երևի գեղեցիկ չի եղել ասել՝ չի ընդունվում առաջարկը»,-ասաց նա, և հետաքրրքվեց, թե պաշտապանական ծախսերի հետ կապված բյուջեն փոփոխվելէ, թե ոչ: Պատգամավորը նաև ասաց, որ իր և մյուս պատգամավորների հետ համագործակցություն չի եղել բյուջեի լրամշակման համար:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չհամաձայնեց, որ համագործակցություն չի եղել, ասաց, որ յուրաքանչյուր թիվ արծարարծում են բյուջեում, սակայն հաշվի են առնում, թե արդյոք առաջարկն ավելի կարևոր բան է նախատեսում, քան կա բյուջեում սահմանված: Պաշտպանությանն ուղղված միջոցների մասով էլ ասաց, որ պատերազմական երկիր ենք, ու մշտապես էլ տեղ կա այտեղ մեծացնելու ծախսերը:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Կառավարության հայտարարած օպտիմալացմանը:
«Կառավարությունն անգամ ռիսկ չի անում փոխմարզպետներին կրճատելու, մեծ ուռճացված կառավարման համակարգի հաշվին պետք է լինի խնայումը, ՊԵԿ-ի, ԿԲ-ի շենքերի վաճառման հաշվին պետք է լինի, միայն հռետորաբանության մեջ եմ ես դա տեսնում, 4 ԾԻԳ կրճատելով բան չի լինում»,-ասաց նա:
Ֆինանսների նախարարը պատասխանեց.
«Մենք այս պահին ունենք բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, գործընթացներ, որոնք տանում ենք կրճատման: Նույն Ֆիննախի մասով արդեն իսկ 1 ՊՈԱԿ ու 3 ՓԲԸ ու գործակալություն օպտիմալացրել ենք, արդյունքում շուրջ 200 միլիոն միայն մեր նախարարության մասով ունենալու ենք օպտիմալացում»:
Նա նկատեց, որ օպտիմալացման մյուս ծրագրեն ընթացքի մեջ են, դեռ չեն ավարտվել, այդ պատճառով էլ չեն հայտարարում դրանց մասին: