15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին

Պարոն նախագահող,
Հարգարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Ամանոյին` Միջուկային անվտանգությանը նվիրված այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար:

Այն լավ հնարավորություն է ընձեռում գնահատելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովների, 2013թ. Միջուկային անվտանգության և ԱԷՄԳ Գլխավոր համաժողովների շրջանակներում ընդունված որոշումների ու պայմանավորվածությունների իրականացման արդյունքում արձանագրած առաջընթացը, ինչպես նաև քննարկումներ անցկացնելու և անդրադառնալու մեր համատեղ ջանքերին՝ ուղղված միջազգային միջուկային անվտանգության հետագա ամրապնդմանը: Այս առումով Նախարարական մակարդակով ընդունվելիք ամփոփիչ հռչակագիրը կուղղորդի առավել արդյունավետ համընդհանուր միջուկային անվտանգություն հաստատելու մեր համատեղ աշխատանքները:

Պարոն նախագահող,

Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Հատկանշական է, որ 2015թ.-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականացվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը:

Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին:

Մենք ակտիվ ներգրավված ենք նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի Կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար:

Պարոն նախագահող,

Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի Կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել:

Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան, անհարգալի վերաբերմունք դրսևորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ, փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Պարոն նախագահող,

Անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ԱԷՄԳ երաշխիքների համաձայնագրին և լրացուցիչ արձանագրությանը։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ