Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումների կանխատեսումները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին:
«Այս հարցում պետք է դրսևորվի միասնական մոտեցում: Թե´ պատասխանատու կառույցները, և թե´ համապատասխան տարածքների վարձակալները, համաձայն պայմանագրային պարտավորության, պետք է իրենց մասնակցությունն ունենան այս աշխատանքներում: Մեկ անգամ ևս ծանուցեք բոլորին, որ պատշաճ կազմակերպեն և իրականացնեն հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Նաև խստորեն վերահսկեք թե՛ «Սանիթեք» ընկերության, և թե՛ համատիրությունների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները. Հանրապետության հրապարակում մեկնարկել են նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Պատրաստ է նաև Ամանորի առթիվ վարչական շրջանների տարածքներում տոնական համապարփակ միջոցառումների ծրագրերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ վարչական շրջաններում տոնական միջոցառումների պատշաճ անցկացման ուղղությամբ: