«Դա միանձնյա որոշում չի եղել»
«Նախկինում՝ մեկ ու կես տարի առաջ Ծառուկյանին հեռացրին քաղաքական դաշտից: Նրան մնում էր միայն ձեռներեցությամբ ու բարեգործությամբ զբաղվել: Ծառուկյանի վերադարձի որոշումը միանձյա որոշում չի եղել: Ես այդպես եմ կարծում: Դա կոնսենսուսով որոշում է: Կարծում եմ՝ Բաղրամյան 26-ն էլ է համաձայն եղել դրան», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ իշխանությունները կփորձեն Ծառուկյանի միջոցով ուղղորդել այն ընդիմադիր զանգվածին, որը շուրջ մեկ ու կես տարի անտեր էր մնացել:
«Ծառուկյանի ԲՀԿ-ն ու Զոհրաբյանի ԲՀԿ-ն տարբերվում էին միմյանցից: Դրա մասին բոլորը գիտեն: Ծառուկյանից հետո այդ բացը ոչ ոք չէր լրացրել: ՏԻՄ ընտրություններից հետո իխանությունները հասկացան՝ երեսուն տոկոսից ավել չի կարող լինել իրենց ռեյտինգը, ուստի իրենց լավ «գործընկեր» է պետք: Իսկ այս պարագայում համեմատաբար կանխատեսելի քաղաքական ուժի հետ գործ ունենալը նրանց համար ավելի լավ կլինի, քան թե անկանխատեսելիների: Ծառուկյանի վերադարձին ես սպասում էի: Դա նորմալ եմ գնահատում: Քաղաքական դաշտը օրգանիզմ է: Կարելի է քաղաքականությունից դուրս գալ, հետո մտնել այնտեղ, դա նորմալ է, առավել ևս մեր երկրում:
Ծառուկյանը կարող է փորձել վերականգնել իր վաղեմի դիրքերը: Պետք է ասեմ՝ դա բարդ կլինի: Բայց որ նրա հետևից մարդիկ կգնան, դա հաստատ կարող եմ ասել», – նշեց քաղաքագետը: