Առաջընթաց է արձանագրվել Հայաստանի համար կարևոր բոլոր ոլորտներում.Արթուր Բաղդասարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/_1370522732.jpg)
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների, ինչպես նաև արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում իրականացվող գործընթացների ուղղությամբ, ինչպես նաև ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի` 2013թ. 1-ին կիսամյակի կատարողականի ամփոփում` հստակեցնելով ցանկով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը և դրանց ավատին հասցնելու ժամկետներն ու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև ս.թ. մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «Հայաստանի առաջընթացի մասին» զեկույցում արձանագրված գնահատականներին:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. “Ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի` 2012թ. առաջընթացի մասին զեկույցի` առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարևորագույն գրեթե բոլոր ոլորտներում: Միաժամանակ, զեկույցում նշվում են թերություններ, արվել են նաև առաջարկներ, որոնց իրականացումը կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման համար: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն իրականացրել է նախորդ տարվա գնահատման զեկույցում ներկայացված առաջարկությունների հիմնական մասը”:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց, որ բոլոր գերատեսչությունները նախատեսված միջոցառումները կատարեն սահմանված ժամկետներում:
Բանակցությունների օրակարգում ընդգրկվել են մաքսատուրքերի և ապրանքացանկերի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության պաշտպանության, աշխարհագրական նշումների, սանիտարիայի և բուսասանիտարիայի, ինչպես նաև եվրոպական նորմերի դիրեկտիվների ընդունման ժամանակացույցի, նորմերի կիրառմանն առնչվող պարտավորությունների և փոխադարձ համաձայնությունների հետ կապված հարցեր։
Ապագա համաձայնագրի առանցքային խնդիր է համարվում մաքսատուրքերի հարցը։ Ազատ առևտրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանը փոխադարձաբար պետք է զրոյացնի եվրոպական կողմի հետ գործող մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ժամանակ Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքներից այլևս չեն գանձվելու մաքսատուրքեր, ինչը վերաբերում է նաև հայկական ծագում ունեցող ապրանքներին` եվրոպական 27 անդամ երկրներ արտահանելիս։
Ապրանքատեսակները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական, սննդի վերամշակման ապրանքներին: Միաժամանակ, ցանկում կան այնպիսի արդյունաբերական ապրանքներ, որոնք ներկայումս արտադրվում են Հայաստանում և արտադրությունը զարգացնելու ներուժ ունեն:
Հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ Ասոցացման համաձայնագրի հիմնական գլուխները համաձայնացված են:
Նիստում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով
Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման: