Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու եւ իր հետեւից տանելու կարողությունը հատուկ են քչերին:
Նա հաստատ գիտեր, թե ինչ չի կարելի հանդուրժել եւ հանուն ինչի արժե խիզախել: Նա խիզախեց, կանգ չառավ որեւէ զոհողության առջեւ եւ գնաց մինչեւ վերջ: Այդպես՝ մինչեւ վերջ, այդպես անմնացորդ գնում են իսկական հերոսները:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան: Այսօր մենք կրկնում ենք քո կարգախոսը մեր երազած երկրի մասին. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: